Մշակույթները տարբեր են, մենք նույնպես, այսօր` փետրվարի  19-ին հայ հանրությունը նշում է Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձը: Բացի այդ, արդեն մի քանի տարի է ավանդույթ է ձևավորվել, այդ օրը համարել գիրք նվիրելու օր, այդ իսկ պատճառով WearmTV-ի լրագրողը որոշեց զրուցել, երիտասարդ գրող՝ Դավիթ Սամվելյանի հետ:

-Ողջույն ԴավիթWearmTV-ն պատրաստել է մի քանի հարց Ձեզ համար, պատրաստ ե՞ք պատասխանել։

-Բարև Ձեզ, Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, այո իհարկե պատրաստ եմ։

-Ինչպե՞ս և ե՞րբ մուտք գործեցիք գրական աշխարհ, արդյո՞ք միշտ Ձեզ տեսել եք որպես գրող:

-Եթե գրական աշխարհ մուտք կարելի է համարել գրքի լույս ընծայումը և ընթերցողներին գիրք ներկայացնելը, ապա 2014 թվականին «Նա և նրա» գրքով, բայց դրանից առաջ եղել է «Լուսե երազ» բանաստեղծական գրքույկը՝ 2010թ, մինչ այդ էլբուս. տարիներին տպագրություններ թերթերում:

-Չնայած բավական երիտասարդ տարիքին, արդեն հասցրել եք թողարկել 4 գիրք, արդյո՞ք կա մեծ պահանջարկ:

-Պահանջարկ, վերջին վերահրատարակված երկու գրքերն ունեն՝ «Արտագաղթած կարոտն» (2-րդ հրատարակություն) և «Ռոդենի ձմեռը» (3-րդ հրատակություն):

-Յուրաքանչյուր ստեղծագործ մարդ, իր հոգու խորքում ունի իր մուսան, ո՞րն է Ձեր մուսան:

-Տարբեր են, անսպասելի են գալիս, և միայն անձնավորված չեն: Կարող եմ ոգեշնչվել ամեն ինչից, ամեն պահի՝ անսպասելի։
-Այսօր  հայ հանրությունը նշում է  ամենայն հայոց բանասեղծի ծննդյան 150-ամյակը։ Ցանկացած մարդու հոգու խորքում արմատացած է  սիրելի հեղինակ։ Ո՞վ է Ձեր կողմից սիրված հեղինակը:
-Ես ամենասիրելի հեղինակներ չունեմ։ Կան հեղինակներ, որոնք սրտիցս են խոսում, որոնք դաստիարակել են ինձ՝ կյանքի որոշակի փուլերում։ 
Մանկությունս երկու գրողներ են գունավորել։ Մեկն ինձ սև, մութ, գորշ իրականությունից փախցրել-տարել է գոյություն չունեցող աշխարհներ, մյուսն էլ՝ սովորեցրել է, որքան էլ մութ, գորշ լինի իրականությունը, այն իմն է ու ոտքս կապել է հողին, ծանոթացրել նույն իրականության մեջ լուսավոր մարդկանց՝ հերոսների հետ։ Ու հիմա, երբ հետ եմ նայում տարիների միջով, հասկանում եմ, որ գիրք կարդալ-վերջացնելուց ընդամենը մի անգամ եմ լացել՝ «Գիքորը» կարդալիս։ Տարիներ հետո միայն հեքիաթասաց կամ «ոտանավոր» գրողի մեծությունը հասկանալի դարձավ։ Նորովի իմաստավորեցի ասելիքը, երևի թե հենց այն կերպ, ինչպես ինքն էր ընկալել, բայց մեծ վարպետությամբ հասու դարձրել բոլոր տարիքի ընթերցողներին։
-Արդեն մի քանի տարի է ինչ այս օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր, դուք ինչպե՞ս եք վերաբերվում օրվա խորհրդին:
-Բնականաբար շատ դրական։ Գաղափարը, միտքը և նախաձեռնությունը շատ լավն է, և փառք Աստծո, ստացվածներից է. ամեն տարի համոզվում ենք դրանում։ Եվ ընդհանրապես, գրքին ուղղված յուրաքանչյուր միջոցառում ողջունելի է ու «դատապարտված» է կայացած լինելուն։
-Վերջին շրջանում հաճախ է հնչում այն միտքը, որ գիրք կարդալը նորաձև է , ի՞նչ կասեք այս մասին:
-Գիրք կարդալը միշտ էլ պետք է լինի ընթացքի մեջ, ժամանակի մի մասը պետք է հատկացնել դրան։ Գիրք կարդալը նախ պետք է հաճելի զբաղմունք լինի, ապա նպաստի գիտելիք ձեռք բերելուն, մտահորիզոնի, բառապաշարի մեծացմանը, այնպես որ թող միշտ նորաձևության մեջ լինեն գրքերը և ընթերցանությունը։

-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար, Ձեզ նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում։ 

 -Շնորհակալ եմ նման գեղեցիկ հարցազրույցի համար, Ձեզ նույնպես հաջողություն եմ մաղթում։