Քեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Քո տան բաժակները կգտնեն այն կանացի ձեռքերը, որոնք պիտի շփեն իրենց սապնաջրի մեջ, հետո քեզ՝ անկողնում։ Աշխարհում և ոչ մի բաժակ ու մարմին անտեր չի մնում, քո բաժակները ևս բացառություն չեն, որովհետև դու ևս բացառություն չես։ Եվ ոչ մի մարդ բացառություն չէ, քանի դեռ բոլոր մարդիկ մեռնելու, իսկ բաժակները՝ կոտրվելու հատկություն ունեն։Այնպես որ չլարվես, գլուխդ կցավի, անտանելի գլխացավերդ հիշում եմ, ասա՝ դու հիշես, գլխացավանք կանանց հետ չկապվես, քեզ հակացուցված է։ Քո բաժակ լվացողը կգա, դու իր համար բաժակներ կգնես, դուք կունենաք ձեր խոհանոցը ու երջանիկ կլինեք միասին սուրճ եփելիս, ինքը կսիրի քո սուրճ գնելը, դու՝ սուրճը տարայի մեջ դատարկելը, դուք իրար օգնելով՝ կյանքի մի տարայից մյուս տարա կտեղափոխվեք, և քեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Թափթփած զգեստապահարանդ մի օր կհավաքես՝ այդպես չի մնա, դատարկ շշերը աղբանոց կտանես՝ հավերժ չեն, պատուհանները կբացես վարագույրից՝ բոլորի հետ է պատահում։ Կյանքի ամեն աղբ ընթացքում հավաքվում է՝ ուզես-չուզես, քաոսից դուրս կգաս՝ ինքդ էլ չես զգա։ Տնից դուրս կգաս, կքայլես, դառը սուրճդ կքաշես գլուխդ, կշփվես կյանքիդ միջանկյալ կանանց հետ, որ միջանցիկ քամու նման կհայտնվեն միջօրեին, մի պահ կհովացնեն քրտնած ուղեղդ, հետո կանցնեն-կգնան։ Ինձնից լավը կլինեն, ես գլխացավանք էի, քեզ հակացուցված եմ, դրա համար էլ չկամ։ Բաժակներդ կնոջդ ավելի շատ կսիրեն, քան ինձ։ Սուրճն ավելի համեղ կպատրաստի, այնքան կսիրես՝ զգեստապահարանդ էլ չես խառնի, վարագույրդ միշտ բաց կպահես, որ աչքերի փայլին նայես։ Ես խառնածդ զգեստապահարանով ու մութ լուսամուտներով եմ քեզ սիրել, ինքը դրանք չի տեսնի, ես քեզ սև եմ տեսել ու սիրել՝ դա ևս բարդ էր։ Բայց դե, ինձ հետ էլ ամեն բան լավ կլինի, իմ կյանքում ևս դառը սուրճեր կլինեն։ Երբ միջօրեն անցնի, ու սուրճ չմնա, աշխարհի տարբեր անկյուններում մենք կլացենք մեր վախերի վրա, քո՝ ինձ ջնջելու կապակցությամբ, և անգամ՝ խոհանոցում բաժակներ ունենալու առթիվ, և անձեռոցիկները բավարար չեն լինի՝ մեզ մխիթարելու համար, և մարդիկ չեն հերիքի՝ մեր արցունքները սրբելու համար։ Մենք կլացենք աշխարհի ամենաուրախ երգերի տակ այն մասին, որ ես անընդհատ քայլում եմ քեզ մոտ, իսկ դու փոխում ես ճանապարհդ։

© WearmTV.com 2019

Տաթև Հովակիմյան

 Խոսքերը՝ Սյունե Սևադա

Նկարեց՝ Աշոտ Ավագյան