24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Արվեստ Արխիվացված նորաձևություն կամ ուղղակի նորաձևության թանգարան

Արխիվացված նորաձևություն կամ ուղղակի նորաձևության թանգարան

-

Երբևէ մտածե՞լ եք, թե որտեղ կարելի է տեսնել նորաձևության պատմությունն այնպես, ինչպես, օրինակ, դա հնարավոր է արվեստի դեպքում։ Ինչպե՞ս է արխիվացվում և արձանագրվում նորաձևության պատմությունը։ Տեսնես որտե՞ղ են այն գլխարկները, որոնք 1910-ականներին հայտնի դարձրեցին Կոկո Շանելին, որտեղ են Իվ Սեն Լորանի 1950-ականների առաջին էսքիզների իրականացումները, որոնցով նա հաղթանակ տարավ երիտասարդական մրցույթում կամ ո՞վ է պահպանել Քրիստիան Դիորի այն էսքիզները, որոնք երիտասարդ տարիքում ընդամենը 10 ցենտով վաճառում էր ապագա աշխարհահռչակ դիզայները։

Նորաձևության պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ՝ հենց այն պահից, երբ մարդն սկսեց ծածկել իր մարմինը։ Եվ ահա, որտե՞ղ կարելի է տեսնել հնագույնից մինչև ազգային տարազը, 17-րդ դարի եվրոպական շքեղաշուք հագուստներից ու դրանց կրած մետամորֆոզներից մինչև մեր ժամանակների հագուստը։ Այս հարցերի պատասխանները հնարավոր է գտնել թանգարաններում։ Ընդ որում, թանգարաններից որոշները նվիրված են հենց նորաձևությանը կամ որևէ դիզայների։

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին կից Աննա Վինտուրի անվան հագուստի ինստիտուտ. ԱՄՆ

Սա թերևս հագուստին և նորաձևությանը նվիրված ամենահայտնի թանգարանն է, որը զբաղեցնում է ամենամեծ տարածքը։ Այս ինստիտուտը Մետրոպոլիտեն թանգարանի մաս է դարձել 1937թ․, իսկ մինչ այդ հայտնի էր որպես հագուստի արվեստի թանգարան։ Յուրաքանչյուր տարի այս հաստատությունը կազմակերպում է տարատեսակ թեմատիկ և անհատական ցուցահանդեսներ։ Այս ցուցահանդեսներն ու դրանց հաջորդող երեկույթները Նյու Յորքի ամենասպասված իրադարձություններն են։ Հենց այս թանգարանն է կազմակերպում ամենամյա Met Gala նորաձևության ցնցող շքերթը։ Ավելորդ է նշել նաև այս ինստիտուտի մեծ հավաքածուի մասին։

Փարիզի Գալիերի նորաձևության թանգարան:

Ֆրանսիա-Թանգարանը գտնվում է պատմական շենքում՝ կոմսուհի դե Գալիերի դղյակում։ Ավելի քան 80 հազ․ ցուցանմուշների շարքում կարելի է տեսնել գրեթե ամեն ինչ՝ սկսած Մարիա Անտուանետի շքեղ հագուստներից, վերջացրած ֆրանսիական բրենդների ամենավերջին ստեղծագործություններով։ Թանգարանի հիմնական ցուցադրությունը փոխվում է երկու տարին մեկ, իսկ սա նշանակում է, որ այս թանգարան պետք է այցելել առնվազն երկու տարին մեկ անգամ։ Փարիզի կիրառական արվեստի թանգարան, Ֆրանսիա-Լուվրի արևմտյան թևում տեղակայված այս թանգարանը պահպանում է ավելի քան 150 հազ․ կիրառական արվեստի նմուշ։ Դրանց շարքում տեղ են զբաղեցրել նաև հայտնի դիզայներների ստեղծագործություններ։ Հենց այստեղ 2016թ․ տեղի ունեցավ Բարբի տիկնիկների ցուցահանդես, որտեղ ներկայացված 700 տիկնիկները կրում էին այնպիսի հայտնի բրենդների հագուստ, ինչպիսիք են Օսկար դե լա Ռենտան, Դիորը, Շանելը և այլոք։

Քրիստիան Դիորի տուն-թանգարան Գարնվիլում

Ֆրանսիա-Գարնվիլի վիլլա Լա-Ռումբը Դիորի տուն-թանգարանի է վերածվել 1997թ․։ Այն հաճախ է հիշատակվում Դիորի մանկության լավագույն հիշողություններում։ Ըստ դիզայների՝ այդ շինության ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը մեծապես ազդել են նրա ճաշակի ձևավորման վրա։ Այդտեղ այժմ պահվում են ոչ միայն Դիորի լավագույն ստեղծագործությունները, այլև Դիոր նորաձևության տան մյուս արտ-տնօրենների աշխատանքները։ Թանգարանում հաճախ բացվում են տարատեսակ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսներ։

Կիոտոյի հագուստի ինստիտուտ

Ճապոնիա-Կիոտոյի հագուստի ինստիտուտը հիմնադրվել է «Inventive clothes: 1909-1939» ցուցահանդեսից հետո, որը Ճապոնիայում կազմակերպել էր Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը 1987թ․։ Ճապոնական ներքնազգեստի հանրահայտ Wacoal բրենդի տնօրեն Կոյ-Չի Ցուկամոտոն այնքան տպավորված էր ցուցադրությամբ, որ որոշեց հիմնադրել հագուստի ինստիտուտը։ Մինչ օրս թանգարան-ինստիտուտին հաջողվել է հավաքել ավելի քան 12 հազ․ հագուստ, ներքնազգեստ և աքսեսուար, ինչի շնորհիվ կարելի է հետևել Եվրոպական հագուստի զարգացմանը 17-րդ դարից մինչև մեր օրերը։

Պալացցո Մորանդո, Միլանի հագուստի և նորաձևության թանգարան

Իտալիա-Մորանդո հրապարակում գտնվող թանգարանի առաջին հարկը զբաղեցնում է ցուցասրահ, որտեղ ցուցադրված են 16-19-րդ դդ․ Միլանի կյանքը պատկերող գեղանկարներ և փորագրանկարներ։ Մյուս հարկերում ցուցադրված է Միլանի բնակիչների հագուստը՝ ամենահին կորսետներից մինչև իտալացի դիզայներների վերջին ստեղծագործությունները։

Գուչիի թանգարան, ֆլորենցիա

Իտալիա-Գուչիի թանգարանը բացվեց 2011թ․՝ բրենդի ստեղծման 90-ամյա հոբելյանի առթիվ և զբաղեցնում է դի Մերկանցիա պալացոյի ամբողջ երեք հարկերը։ Սրահներից մեկում պատմվում է բրենդի տարբերանշանի ստեղծման պատմությունը, մյուսում ներկայացված է ճամպրուկների և այլ աքսեսուարների մեծ հավաքածու, իսկ վերջին սրահում պայուսակներ և երեկոյան զգեստներ են, այդ թվում և այնպիսիք, ինչպիսիք կրել են հանրահայտ դերասանուհիներ, երգչուհիներ և մոդելներ։

Ինչպես արվեստի յուրաքանչյուր տեսակ, այնպես էլ նորաձևությունը կարիք ունի արխիվացման և ուսումնասիրության։ Շնորհիվ իրենց գիտացուցադրական աշխատանքի՝ այս թանգարանները տարիներ շարունակ եղել են երիտասարդ դիզայներների ոգեշնչման աղբյուրն ու սերունդներին են հասցրել անմահ ստեղծագործություններ։ Այժմ էլ դրանք կատարում են իրենց այդչափ կարևոր գործառույթները՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով իրենց հարկի տակ տեղի ունեցող ցնցող ցուցահանդեսների և շոուների վրա։

Նյութի հեղինակ․՝ Հասմիկ Անտոնյան

Avatar
WearmTV- ն
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Խորհուրդ է տրվում կարդալ

Վարչապետի որդին արդեն տանն է (լուսանկար)

0
Վարչապետի որդին արդեն տանն է։ Աշոտի գլխավորությամբ, բարի վերադարձ բոլոր զինվորներին։ 🙏🇦🇲 Նկարը` Շուշան Փաշինյանի ինսթագրամի էջից։ https://www.facebook.com/901070396949786/posts/1402222403501247/?d=n