Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը գերի է ընկել՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, սակայն այժմ գտնվում է կալանավայրում՝ թեև պետք է շարունակի բուժումը։
Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արամյանը ստացել է ծնկի հրազենային վնասվածք, բազմաբեկոր կոտրվածքներ, պետք է ստանա վերականգնողական բուժում, ցանկացած օր ուշացնելու դեպքում հավանականությունը մեծանում է, որ կարող է շարժողական խնդիրներ ունենալ։
Գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Ամարյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը բավարարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից։