24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Արայիկ Հարությունյանը տուգանվել է դիմակ չկրելու համար

Արայիկ Հարությունյանը տուգանվել է դիմակ չկրելու համար

-

Սեպտեմբերի 7-ին ArmDaily.am-ը նյութ էր հրապարակել, որտեղ մենք նշել էինք, որ Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 10-ին ներկայացրած ռեպորտաժներից մեկում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը առանց դիմակի է։ Ռեպորտաժում նախարարը հարցազրույց է տալիս «Լուրեր»-ի լրագրողին, որտեղ բնականաբար ներկա է նաև օպերատորը, իսկ ըստ հակահամաճարակային կանոնների՝ փակ տարածքներում քաղաքացիները պետք է կրեն դիմակ, եթե սենյակում կա մեկից ավել քաղաքացի։

Մենք հարցում էինք ուղարկել պարետատուն՝ պարզելու, արդյոք չե՞ն տուգանել կամ չե՞ն պատրաստվում տուգանել Հարությունյանին, ինչին ի պատասխան փոխանցել էին, որ այս հարցով պետք է դիմել ոստիկանություն։

Սեպտեմբերի 7-ին նույն հարցմամբ դիմել էինք ոստիկանություն, սակայն մեզնից 30 օր ժամանակ խնդրեցին պատասխանելու համար։ Այսօր ArmDaily.am-ը ստացել է իր հարցման պատասխանը, որտեղ նշված է.

«Ձեր 07.09.2020 թ. հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեսագրության հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից դիմակ չկրելու փաստի առթիվ 15.09.2020 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ»։

Ստացվում է, որ ոստիկանությանը 8 օր ժամանակ էր պետք տեսանյութն ուսումնասիրելու և նախարարի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ եթե հանկարծ տեսանյութը վրիպեր մեր աչքից, Հարությունյանը կշարունակեր մնալ անպատիժ։

Հիշեցնենք, որ մենք դիմել էինք նաև «Հանրային հեռուստաընկերությանը», պարզելու՝ արդյոք ՀԸ-ն տուգանվե՞լ է պարետատան կանոնները չպահպանելու համար,Հանրային հեռուստաընկերությունից էլ մեզ փոխանցել էին, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տեսանյութի նկարահանման ժամանակ նկարահանող խումբը հետևել է պարետատան կանոններին.«Այս պահի դրությամբ Հանրային հեռուստաընկերությունը նշված տեսանյութի վերաբերյալ չի ծանուցվել տուգանքի մասին»,-նշել էին ՀԸ-ից։

Հիշեցնենք, որ հակահամաճարակային կանոնների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ բոլոր քաղաքացիները փակ և բաց տարածքներում պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Դիմակներ քաղաքացիները կարող են չկրել փակ տարածքներում միայն այն դեպքում, եթե միայնակ են, սակայն Հարությունյանի դեպքը չի մտնում սահմանված այդ կանոնի մեջ։

- Advertisment -