Վիպակը գրվել է 1967-68 թվականներին։ Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։

Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։ Վիպակը ներկայացնում է տարբեր ճակատագրեր: Նրանք բոլորն էլ ունեն ընտանիք, աշխատանք, ընկերներ, հոգսեր, նպատակներ, հանդիպում են ընկերների հետ, ուտում, խմում։ Սակայն հարց է. ապրու՞մ են արդյոք․

Մեջբերումներ

  • Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:
  • Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են:
  • Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:
  • Ամեն բանի ինչ-որ հավելում կա, բոլոր բառերը առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը: Ածական է հարկավոր: Մեկի մասին ասում են` լավ մարդ է: Կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է: Կարծես թե քիչ է մարդը:
  • Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարելեն մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:
  • Առհասարակ եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը: Ինչ հետաքրքիր բան կստացվեր, կողք կողքի, իրար հետևից` ինչ տարբեր բաներ կլինեին: Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են: Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում: Մարդկանց միջև տարբերությունները դրանից են:
  • Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:
  • Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
  • Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին:
  • Կարոտել եմ, – ասաց Լևոնը: — Իսկապե՞ս,- այնտեղից, իր հեռվից ծղրտաց Տաթևիկը:- Իսկապե՞ս կարոտել ես… Լևոնը տխրեց Տաթևիկի համար: Չի կարելի կատակի տալ կարոտ բառը, աղջիկը հեռվում է, մենակ, նա գուցեև արդեն պատրաստ է ինչ-որ ջերմության, նույնիսկ՝ սիրո: Նա կարող է հեքիաթներ հորինել հենց այս գիշեր և անմիջապես` խզմզել ապագայի կապույտ մի նախագիծ, սպասել: Չի կարելի:
  • Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:
  • Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:
  • Մարդկանց թվում է, թե լավ գիտեն իրենց հարազատներին:
  • Սառնարանի նման մարդն էլ, համապատասխան լարումից հետո, պիտի անջատվի ավտոմատ կերպով, հետո ավտոմատ միանա…
  • Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկը կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ` կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով…
  • Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ: